Կտավի վրա այրված, մոխրացած տներ են, սարսափահար դեմքերով կանայք, ծերեր, երեխաներ։ Ցեղասպանության ահավորությունն ապրած Մարաղան է կտավի վրա, ԼՂՀ Մարտակերտի շրջանի հինավուրց բնակավայրերից մեկը։ Երկար ժամանակ չէի կարողանում հայացքս պոկել այդ կտավից, մեկը մյուսին հաջորդող ողբերգական պատկերներից շնչահատ էի լինում։ Էությանս մեջ 23 տարի առաջ կատարված սպանդի սահմռկեցուցիչ տեսարաններն էին արթնանում. հեռուստատեսությամբ էի դիտել, թե ինչպես էին բարբարոսները տանջամահ անում իրենց տներից դուրս քշված անզեն, անպաշտպան բնակիչներին, լլկում, այրում խարույկի վրա, թալանում, հրո ճարակ դարձնում գյուղը։ ՈՒ սիրտս վերստին սեղմվում էր ցավից։ Այդ ցնցող կտավի հարևանությամբ այլ կտավներ են, զենքեր են` թնդանոթներ, ականանետներ, ինքնաձիգներ, Մոնթեի դիմանկարն է. դեպի հեռուները նայող զորավարը մտքերի մեջ է խորասուզված։ Ապա հաջորդում է բնապատկերների շարքը. ծառ է` արմատներով հողի մեջ մխրճված, որ արցախցու ոգու ուժն է խորհրդանշում։ Դաշտեր են, այգիներ, լեռնագագաթներին նստած երկինք է` առավոտների մաքրությամբ ցոլացող։ Մի այլ կտավի վրա հեծյալը լեռնանցքով դեպի մայրամուտի կրակներով բռնկված հորիզոնը շարժվող ձիու բաշն է շոյում։ Թախիծ կա նժույգի աչքերում, որ հնարավոր չէ սովորական բառերով վերծանել։ Իսկ ցածում արծաթին տվող, թափանցիկ մշուշ է` տափաստանը պարուրած։
Մարդու և բնության ներդաշնակությունն է խորհրդանշում «Հովիվը» կտավը։ Լեռնահովտում հսկա ժայռաբեկորին նստած հովիվը անարատ կաթով լի կճուճը պարզել լույսի դեմ, դեպի սարերն է նայում։ Գարուն է, շուրջը ծաղիկներ են, ծաղիկների ծփանք։ Նկարների հեղինակը ԱՐՄԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ է։
Յոթ տարեկանից է սկսել նկարել, աշխարհի հետ խոսել գույների լեզվով։ Իսկ դա քչերին է տրվում, տրվում է նրանց, ովքեր բնատուր տաղանդով են օժտված, ում համար գեղանկարչությունը կենսակերպ է, ազատ տարերք։ Այդ տարերքը միշտ էլ Արմեն Ալեքսանյանի նվիրական ուղեկիցն է։ Մարտիրոս Սարյանն է նրա առաջին ու ամենամեծ ուսուցիչը։ «Ինձ անչափ հիացնում ու հուզում են վարպետի բնանկարները` լեռները, դաշտերը, հովիտները, նրա ստեղծած բնապատկերներում գունային տարերքն է հիացնում»,- ասում է։
Ծնվել է Ստեփանակերտում, ավարտել միջնակարգը, որից հետո` Երևանի Թորոս Ռոսլինի անվան արվեստի ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Տասներկու տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան պատերազմը։ Մոր, քրոջ ու եղբոր հետ նկուղային սարսափելի պայմաններում ապրող պատանին շատ բան է տեսել այդ ծանր տարիներին։ Տեսել է փլատակված, մոխրակույտերի վերածված տներ, ռումբով ու արկի բեկորներով սպանված ծերունիների, երեխաների, տեսել է ռազմի դաշտերում զավակներին կորցրած սևահանդերձ մայրերի` իրենց տառապանքի ու ցավերի հետ։ Այդ ամենը տեսել և հոգեկան ծանր դրամա է ապրել, իր ապրումներն ու հոգու տագնապները վերարտադրել գույներով, ստեղծել անհատականացված կերպարներ։ Պատերազմական օրերի դաժան առօրյան պատկերող նրա նկարներում գույներն ասես ճչում են կորուստների ցավից, ընդվզում հայրենի եզերքը ասպատակել փորձող վայրագ ուժերի դեմ, սթափության կոչում մարդկանց, որ պատերազմը չարիք է, տառապանք, տանջալի սպասում։ Ռազմաճակատ մեկնած հոր վերադարձին նաև ինքն է սպասել մյուսների հետ, սպասել է հոգու տագնապով։ Նկատել եմ, որ պատերազմ պատկերող նրա նկարներում կարմիրը շատ է, ու հիշեցի Վիլյամ Սարոյանի խոսքը` կարմիրը հայու գույն է, իսկ գույնը, ինչպես նշանավորներից մեկն է ասել, նկարչության մեջ մտածողության եղանակ է, գույները հոգեբանություն են բացահայտում։ Նկարչին առավել շատ կենդանի բնորդի հոգեկան ապրումներն են հետաքրքրում, նրա խառնվածքը, բնավորությունը։
Արցախյան պատերազմին նվիրված գործերում նկարիչն իր հոգին է դրել, իր անմնացորդ նվիրումն ու հավատը։ Եվ այդ հավատը ուժ է տալիս մարդուն ու ապրեցնում։
Նկարչի ինքնակենսագրական մի մանրամասն այնպես է մեխվել հիշողությանս մեջ, որ երբեք չեմ մոռանա։
Պատերազմի ամենածանր օրերին, երբ հակառակորդի ինքնաթիռները օր ու գիշեր ռմբակոծում էին Ստեփանակերտը, երեխաների տարհանման հարցը ծառացավ։ Արմենը համառեց. «Ես չեմ թողնի իմ հարազատ քաղաքը, ինչ էլ լինի, ինչ էլ պատահի, չեմ լքի մեր տունը»։ Մայրը մի կերպ համոզեց նրան, երեխաներին բերեց Երևան, հետո տեղափոխվեցին Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղ, որտեղ Արմենի հորաքույրն է ապրում։ Հայրենի տան այրող կարոտը, սակայն, հանգիստ չէր տալիս պատանի նկարչին. կարոտախտը, այո, կարելի է հաղթահարել աշխատանքով միայն։ Եվ նա շարունակում էր աշխատել, նոր նկարներ ստեղծել. նրան հմայում էին Գեղամասարի լուսաբացները, անծայրածիր դաշտերն ու լեռնահովիտները արևալույսով ողողված։
Եվ ահա դժբախտ պատահար. Արմենը ավտովթարի է ենթարկվում, հրաշքով ողջ մնում... Երկու ծանր վիրահատություն է տարել, երկար ժամանակ բուժվել հիվանդանոցներում։ Կաթվածահար էր եղել աջ ձեռքը, ութ ամիս նկարչի աջը չէր գործում։ 1993-ի հունիսին վերադարձել են Ստեփանակերտ, պատերազմը դեռ չէր ավարտվել։ Եվ Արմենը շարունակել է իր նվիրական գործը։ Կյանքը, արվեստը անհուն սիրով սիրող մարդիկ են միայն ընդունակ դիմանալու ամենածանր փորձությանն անգամ։ Եվ Արմենը դիմացել է` հաղթահարելով սովը, անհուսությունը, մահը, պահպանելով ոգու կորովը։
Ստեփանակերտի իրենց տանը նրա գործերը դիտելիս միանգամից ուշադրությունս գրավեց «Ազատամարտիկը». ձյունածածկ, ամայի տափաստանում, ձախակողմյան թրթուրի վրա կիսաշրջան կատարած տանկ է բոցավառվող։ Վիրավոր մարտիկը, գործադրելով վերջին ճիգերը, փորձում է դուրս պրծնել կրակե օղակից։ Ձեռքերը վառվում են, դեմքին խփած դառը ծուխը սեղմում է կոկորդը։ Այդ նկարին նայելիս մի պահ անակնկալի եկա. շա՜տ է ծանոթ ինձ բնորդը, որտե՞ղ եմ տեսել։ Այդպիսի խիզախ ու անվեհեր մարտիկների հաճախ եմ հանդիպել Արցախյան պատերազմի տարիներին, հանդիպել եմ հաղթանակի ճանապարհներին, մարտական դիրքերում ու զինվորական հոսպիտալներում։ ՈՒ հանկարծ հիշեցի, որ Սպարտակ Ավանեսյանն է, ազատամարտի քաջերից մեկը` ԼՂՀ Մարտունու շրջանի Խերխան գյուղից։ Ես ծանոթ եմ Սպարտակի մարտական կենսագրությանը, ժամանակին նրա մասին ակնարկ եմ գրել։ Ռազմական խոշոր հենակետի վերածված ադրբեջանաբնակ Վեսալլու գյուղի համար մղվող կատաղի մարտերում է վիրավորվել` 1994-ի հունվարին։ Այդ ժամանակ 17 տարեկան էր։ Նրա հրամանատարությամբ գործող տանկի անձնակազմը առաջինն է ճեղքել հակառակորդի պաշտպանությունը, աներևակայելի սխրանք էր դա... Նկարիչը ազատամարտիկին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում է հանդիպել` վիրակապերի մեջ, ու ստեղծել նրա կերպարը։
Արմեն Ալեքսանյանը հրաշալի լուսանկարիչ է նաև։ Ինչպես ջրաներկով ու յուղաներկով արված նրա գործերից, այնպես էլ լուսանկարներից արվեստի կենսական ուժն է հորդում։
Ամեն անգամ լինելով Արցախում, այցելում եմ Արմենի արվեստանոց (տան սենյակներից մեկն է արվեստանոց դարձրել), նորից դիտում նրա ոգեղեն նկարները, ինձ համար նոր բացահայտումներ անում, հայտնաբերում նոր երանգներ, որ մինչ այդ չեմ նկատել, կրկին զգում գեղանկարչության մեծ վայելքը, այն սրբազան պահերն ապրում, որ 35-ամյա նկարչի արվեստն է պարգևում։
Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ